AM
1 Սեպտեմբեր 2015 • 13:13 AMT
Թումոյի գլխավոր ձեռքբերումը կենտրոնում հիմնադրվող ստարտափերն ու դրանք ստեղծողներն են
Սեպտեմբերի 2-ին Արցախում կբացվի 4-րդ Թումո կենտրոնը, որը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողի համար: Նրանցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական 2 օր և կսովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտի՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները: Ի դեպ, դեռ մայիսի վերջին Գյումրիում բացված 3-րդ կենտրոնում արդեն 1000-ից ավելի գրանցված ուսանող կա, չնայած ակնկալվող թիվը 500-600 էր: Թե Գյումրիի, թե Ստեփանակերտի կենտրոնները բացվել են Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության գործակցությամբ: 4-րդ Թումոյի պաշտոնական բացմանն ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ, ով պատմել է ծրագրերի, նորությունների ու շրջանավարտների հաջողությունների մասին: