Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մոտ արդեն մի քանի տասնյակ ակտիվիստ է հավաքվել ինչպես Վանաձորից, այնպես էլ Գյումրիից ու Երևանից:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց բնապահպան- ակտիվիստ Արփինե Գալֆայանը` այսօրվա ցույցի նպատակն է դեմ արտահայտվել կառավարության` «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» հանրային քննարկման «ձևական» առաջարկին և հերթական անգամ կառավարությունից պահանջել դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը:
Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը մի քանի օր առաջ ստեղծել է աշխատանքային խումբ` «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Երեկ բնապահպան ակտիվիստները բաց նամակով հրաժարվել են մասնացել հանրային քննարկմանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում բնապահպան- ակտիվիստ Արփինե Գալֆայանը նշեց, որ իրենք հրաժարվում են մասնակցել քննարկմանը, քանի որ հայտնի չէ, թե այն ինչ ֆորմատով է լինելու, ինչ խնդիրեր են քննարկվելու ու, առհասարակ, ինչ նպատակով է այն կազմակերպվելու. «Մենք կարծում ենք, որ սա ընդամենը ձևական քայլ է, որը պայամավորված է նրանով, որ մարտի 27-31-ը Օրհուսի կոմիտեն Ժնևում քննարկելու է նաև Թեղուտի հանքի անօրինականությունների խնդիրը, և այդ հարցի հետ կապված ճնշումներ կլինեն կառավարության վրա: Սա ընդամենը ձևական քայլ է ցույց տալու համար, որ ինչ-որ քննարկումներ ընթանում են»:
Բնապահպանը հավելեց, որ իրենք պատրաստ են երկխոսության գնալ կառավարության հետ, բայց միայն քննարկելու Թեղուտի շահագործման անօրինականությունը, ոչ թե անհայտ մի բան, որը ոչ մի արդյունք չի տա:





