AM
27 Մարտ 2012 - 07:56 AMT

Գեղարքունիքի փրկարարական վարչությանը «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա կնվիրեն

Գեղարքունիքի մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարտի 28-ին` ժամը 11.30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից` միջոցառմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը և Գեղարքունիքի մարզպետը։

Միջոցառման ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։

«ՈւՐԱԼ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։

Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։