Բրատիսլավայում կայացող «Դեպի ընդլայնված Եվրոպա. նոր օրակարգ» միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Շեֆֆերին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության փաստին: Հիշեցնենք, որ երկու սպաներն էլ Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին օտար լեզուների դասընթացների` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:





