AM
28 Մարտ 2012 - 13:58 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Վորլդ Վիժն»-ի ղեկավարության անդամներին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Վորլդ Վիժն» կազմակերպության Միջին Արևելքի և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Կոննի Լեննեբերգին և Տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Դերք Բուին:

Վեհափառն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Վորլդ Վիժն»-ի միջև մեկ տասնամյակից ավելի պատմություն ունեցող համագործակցությանը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ հայ եկեղեցու տարբեր կառույցների և«Վորլդ Վիժն»-ի համատեղ աշխատանքները հատկապես ուղղված են մանուկների քրիստոնեական դաստիարակությանը:

«Վորլդ Վիժն»-ի ներկայացուցիչները նշել են, որ հայոց եկեղեցին կարևոր գործընկեր է կազմակերպության առաքելության իրականացման գործում, ապա ներկայացրել են Հայաստան այցի իրենց դրական տպավորությունները, անդրադարձել երիտասարդների համար իրականացվող աշխատանքների կարևորությանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների և մանուկների կրթության ու դաստիարակության խնդիրների մասին: