Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ մենք հույսով ենք նայում ապագային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Երեւանում այսօր հայտարարել է թուրք խորհրդարանական Յաշար Նուրի Օզթյուրքը, որը ներկայացնում է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Նշենք, որ Օզթյուրքը մասնակցում է այսօր Երեւանում իր աշխատանքը սկսած Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նիստին: «Գալով իշխանության, մեր կուսակցությունը նպատակ դրեց բարելավել հարաբերությունները Թուրքիայի բոլոր հարեւանների հետ, եւ դուք կարող եք համոզված լինել, որ շուտով հիանալի ժամանակներ կգան», – հայտարարել է թուրք պատգամավորը:





