AM
25 Մարտ 2004 - 13:58 AMT

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Մարտի 29-ին Պրահայում անցկացվելիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով հանդիպումը չի կայանա: Ինչպես Բաքվի ATV հեռուստաալիքին է հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը, հանդիպում չանցկացնելու մասին որոշումն ընդունվել է հաշվի առնելով «կողմերից մեկի ցանկությունը»: «Նրանք, ովքեր միջնորդներին մեղադրում են անգործության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն հենց հակամարտության կողմերի ջանքերին»,- ասել է Յ.Մերզլյակովը: Մինչդեռ, ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը, հայկական կողմը չի առաջարկել միջնորդներին հրաժարվել հանդիպման անցկացումից: Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ: «Իր գործունեության 12 տարվա ընթացքում Մինսկի խումբը, կարելի է ասել, ոչ մի դրական քայլ չի ձեռնարկել»,- ասել է նա: Ալիեւի կարծիքով, «Մինսկի» միջնորդների ներկայիս դիրքորոշումը չի կարող դրական դեր խաղալ, քանի որ այն արտահայտվում է ոչ թե հարցի լուծմամբ, այլ զուտ դրա դիտարկմամբ: