AM
5 Ապրիլ 2012 - 13:40 AMT

Հրանուշ Հակոբյանը Բուլղարիա այցելելու հրավեր է ստացել

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` դեսպանը նախարարին փոխանցել է Բուլղարիա այցելելու Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի պաշտոնական հրավերը:

Նախարարը դեսպանին ներկայացրել է սփյուռքի նախարարության ծրագրերը` կարևորելով բուլղարահայ համայնքի ակտիվ մասնակցությունը «Իմ Հայաստան» փառատոնին, «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին, հոկտեմբերի 4-6-ը կայանալիք հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին և մյուս միջոցառումներին:

Կողմերն շեշտադրել են մայրենի լեզվի ուսուցման, տարածման ու զարգացման խնդիրները բուլղարահայ համայնքում, Պլովդիվում «Հայ տուն-մշակութային տուն» ստեղծելու կարևորությունը:

Քննարկվել են ՀՀ սփյուռքի նախարարի հնարավոր այցին, համայնքն ակտիվացնելուն, Սոֆիայում կայանալիք 10-րդ եվրոպական համահայկական խաղերին ակտիվ մասնակցություն ապահովելուն առնչվող հարցեր: