AM
16 Հոկտեմբեր 2026 - 15:37 AMT

Փաշինյան․ Մտադիր ենք Էկոպարեկային ծառայությունը զարգացնել թե տեխնիկական, թե բովանդակային իմաստով

Հայաստանում, ցավոք, շարունակվում են թե՛ ապօրինի անտառահատումները, թե՛ որսագողության դեպքեր են արձանագրվում, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը:

Նա հավելել է, որ իշխանությունները մտադիր են Էկոպարեկային ծառայությունը զարգացնել թե տեխնիկական, թե բովանդակային իմաստով, հայտնում է 1lurer.am-ը:

«Նաև այս խնդիրները կառավարելու նպատակով մենք ընդամենը 2 տարի առաջ սկսել ենք Էկոպարեկային ծառայության, այսինքն՝ ըստ էության, էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում, որն այժմ գործում է մեր տասը մարզերից չորսում, և շարունակաբար կներդնենք մյուս մարզերում նույնպես։

Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով»,- նշել է վարչապետը:

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: