AM
5 Ապրիլ 2012 - 14:51 AMT

ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի ցուցահանդեսի կարգախոսն է «Կամուրջ ներկայի և անցյալի միջև»

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90- ամյա հոբելյանի առթիվ այսօր նկարիչների միությունում կազմակերպվել է ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների, դասախոսների 140-ից ավելի աշխատանքներ, որոնք ընտրվել էին պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

ԵՃՇՊՀ-ի ռեկտորը նշեց, որ ցուցահանդեսի կարգախոսը և գաղափարն է կամուրջ լինել ներկայի և անցյալի միջև:

Ցուցահանդեսին ներկայացված էին համալսարանի մի քանի ֆակուլտետների գրաֆիկայի, գունանկարի, քանդակի և դեկորատիվ արվեստի գործեր: Ցուցադրված էին Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի և այլ վաստակավոր և ժողովրդական նկարիչների և ճարտարապետների կողմից իրականացված ճարտարապետական նախագծեր:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԵՃՇՊՀ դասախոս, ցուցահանդեսի մասնակից Գագիկ Փխրիկ-Սարգսյանը ներկայացրեց իր աշխատանքները: Նա իր նկարներին կից ներկայացրել էր նաև բանաստեղծություններ, որոնք նրա խոսքով լրացնում են նկարը. «Ինչպես գիտության մեջ 2 տարբեր ուղղություններ սինթեզելիս ընթանում ես երկուսի միջանկյալով ու ինչ-որ նոր բան ստեղծում, այդպես էլ արվեստում է, իմ նկարն ու բանաստեղծությունն ընթանում են հենց այդ միջանկյալ ուղիով»:

Լիլիթ Պետրոսյանը, որի աշխատանքը ևս ներկայացված էր ցուցահանդեսում, ասաց. «Ուզում էի, որ այն ցուցադրվեր, որպեսզի լսեի ու հասկանայի իմ աշխատանքների թերությունները, առանց դրա կատարելության հասնելն անհնար է»:

Ցուցահանդեսի այցելու Տաթևիկ Ազարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց, որ հիացած է այն ամենով, ինչ տեսել է ցուցահանդեսի ժամանակ. «Պատրաստվում եմ ընդունվել այս համալսարանը և եկել եմ ծանոթանալու ավագ սերնդի աշխատանքներին և նոր բաներ սովորելու»: