Կենսաբազմազանությունն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն անքակտելիորեն կապված է ջրի, պարենային ապահովության և միջսերնդային արդարության հետ Երկիր մոլորակի բնակիչների համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը:
Նա նշել է, որ պատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել, հայտնում է 1lurer.am-ը:
«ԻԻՀ-ն առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեցին այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը և միացան Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միայն կոնվենցիային նրա անդամակցության ժամկետով, և մեր երկիրը հազարավոր տեսակների բնօրրանն է։
Ջրի մատակարարման անվտանգության ապահովման համար բազմաթիվ ռիսկեր կան Իրանում։ Իրանի համար կենսաբազմազանության պահպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, դա կարևոր է ազգային մշակույթի և քաղաքակրթական ժառանգության պահպանության համար։ Մեր երկրում վաղուց ակնածանքով ենք վերաբերվում բնությանը և մենք կենսաբազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունենք։ Շրջակա միջավայրի մեր նախարարությունը համակարգող մարմինն է»,- ասել է նա և նշել, որ այսօր մի կարևոր իրականություն կա, որն այլևս չի կարող անուշադրության մատնվել կենսաբազմազանության մասին համաշխարհային քննարկումներում։
Շարունակելով ելույթը՝ Փեզեշքիանը հատուկ ուշադրություն է դարձրել զինված հակամարտությունների հետևանքով բնությանը հասցվող վնասներին։ Նրա գնահատմամբ՝ պատերազմների ազդեցությունը չի սահմանափակվում մարդկային կորուստներով կամ տնտեսական ենթակառուցվածքների ավերմամբ։
Իրանի նախագահը նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչանում են անտառային տարածքներ, ճահիճներ և այլ խոնավ էկոհամակարգեր, վնասվում են բերրի հողերն ու ջրային պաշարները։ Միաժամանակ խաթարվում են կենդանական աշխարհի բնական կենսապայմանները, վայրի տեսակները հարկադրված լքում են իրենց բնակության վայրերը, իսկ վտանգավոր քիմիական նյութերն ու ծանր մետաղները ներթափանցում են շրջակա միջավայր։
Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունն այսօր ականատես է լինում զինված բախումների հետևանքով բնական միջավայրի ոչնչացմանը, ինչը երկարաժամկետ վտանգներ է ստեղծում ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար։
«Միջազգային հանրությունն այսօր տեսնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Դա ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Իրանում»,- նշել է նա։
Փեզեշքիանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ պատերազմի բնապահպանական ազդեցությանը՝ ներկայացնելով դրա հետևանքով տարածաշրջանի էկոհամակարգերին սպառնացող վտանգները։
Նրա խոսքով՝ էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը, առաջացած հրդեհները, վնասակար նյութերի արտանետումները, ինչպես նաև հողի և ջրային պաշարների աղտոտումը լուրջ սպառնալիք են դարձել բնական միջավայրի համար։
Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել, որ վտանգի տակ են հայտնվել նաև այն էկոհամակարգերը, որոնց պահպանության ուղղությամբ տասնամյակներ շարունակ աշխատանքներ են իրականացվել։
«Սա զուտ պետական խնդիր չէ և խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի քաղաքական սահմաններով։ Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ»,- նշեց Իրանի նախագահը։
Փեզեշքիանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել առավել գործուն մեխանիզմներ մշակել զինված հակամարտություններից տուժած բնական միջավայրերի վերականգնման համար։ Նա կարևորել է բնապահպանական վնասների գնահատման, ֆինանսական միջոցների ներգրավման և տուժած պետություններին աջակցելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային ֆինանսական կառույցներին և համապատասխան կազմակերպություններին, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով, ունենալ ավելի լավ մեխանիզմներ՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, բնապահպանական վնասը գնահատելու, քայքայված էկոհամակարգերը վերականգնելու և պետություններին աջակցելու համար, որպեսզի զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները սահմանափակվեն։
Կենսաբազմազանության պահպանությանը հնարավոր չէ հասնել միակողմանի մոտեցմամբ կամ մեկ կառույցի առանձին լիազորություններով։ Մեր մոլորակը փրկելու և շրջակա միջավայրը պահպանելու համար շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն, թե ինչ աննախադեպ մարտահրավերներ են կանգնած մարդկության առջև, և զուգահեռաբար տարաբնույթ լուծումներ կյանքի կոչեն։
Այս լուծումների մեջ պետք է հաշվի առնել պետությունների կարողությունների տարբերությունները և անհամաչափ բեռ չառաջացնել զարգացող երկրների համար՝ միևնույն ժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալու անհրաժեշտ միջոցներ և բնության պահպանությանը զուգահեռ իրականացնելու կայուն զարգացում։
ԻԻՀ-ն լիովին պատրաստ է իր գիտական, կրթական և էմպիրիկ կարողություններով կիսվել այլ պետությունների հետ, աշխատել կառուցողականորեն գլոբալ հանրության հետ։ Մենք խորապես հավատացած ենք, որ կենսաբազմազանության պահպանությունը կարող է կարևոր անկյունաքար լինել խաղաղության և դիվանագիտության համար մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության լրջագույն ճգնաժամեր կան»,-ասել է Փեզեշքիանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ջրային ռեսուրսների սակավությունն ու բնապահպանական մյուս խնդիրները լուրջ սպառնալիքներ են ստեղծում մարդկության համար՝ խաթարելով բնության և մարդու գործունեության միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը։
Տոկաևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ջրի պակասի և դրան առնչվող բնապահպանական խնդիրների հետևանքները չեն սահմանափակվում առանձին պետությունների տարածքներով։ Նրա գնահատմամբ՝ այդ մարտահրավերները կարող են բացասաբար անդրադառնալ ինչպես մարդկանց կենսապայմանների, այնպես էլ համաշխարհային կայուն զարգացման վրա։
«Միլիոնավոր մարդկանց համար ջրի սակավությունը, հողերի դեգրադացումն արդեն դարձել են իրական խնդիր: Ամենադժվար հաղթահարելի հետևանքն այն է, որ տվյալ գործընթացը սահմաններ չի ճանաչում, թուլացնում է կայուն զարգացման հենքերը և սպառնում գլոբալ կայունությանը:
Բնապահպանական օրակարգերը՝ ճիշտ կայացվող որոշումներով, պրակտիկ լուծումները պետք է կարողանան գերակայել քաղաքական տարբերությունների նկատմամբ: Մեզ բոլորիս հարկավոր է միջազգային համագործակցություն, մենք պետք է իրապես բարեկամական, անկողմնակալ միջոցներով տանենք երկրները դեպի շոշափելի արդյունքներ:
Այսօր Ղազախստանը իրապես շատ հարուստ կենսաբազմազանությամբ կարողանում է բոլոր ջանքերը ներդնել բնությունը պահպանելու և կենսաբազմազանությունը հարստացնելու ուղղությամբ. սա մեր միջազգային հանձնառությունն ու պարտականությունն է, և այս հանձնառությունը շատ հստակ արձանագրված է մեր Սահմանադրության մեջ:
Առաջին անգամ պատմության ընթացքում Ղազախստանի Սահմանադրությունը ընդգծում է բնապահպանական մշակույթի խթանումը, որը մեր պետականության հիմնարար սկզբունքն է: Մեր քաղաքացիները պարտավոր են պահպանել բնությունը, ռեսուրսներին պատշաճ հոգատարությամբ վերաբերվել»,- ասել է նա:





