AM
8 Ապրիլ 2004 - 13:59 AMT

ԱՄՆ-Ն ՓՈԽՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԻՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ կդառնա Սթիվեն Մաննը: Այդ մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Րինո Հարնիշը` հույս հայտնելով, որ այդ նշանակումը խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նշենք, որ Սթիվեն Մաննը, որը հանդիսանում է Կասպից տարածաշրջանի էներգետիկայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական, այդ պաշտոնում կփոխարինի 2001 թվականի օգոստոսից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուդոլֆ Փերինային: Բաքվի մամուլը այս կապակցությամբ գրում է, որ հենց Սթիվեն Մաննի ջանքերով է սկսվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը եւ հենց նրան հաջողվեց լուծել ԱՄՆ գլխավոր խնդիրը. ապահովել Կասպից տարածաշրջանի էներգակիրների փոխադրումը Վաշինգթոնին ձեռնտու ուղղությամբ: Ինչպես հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովը, Սթիվեն Մաննը, որը լավատեղյակ է տարածաշրջանի խնդիրներին, ստիպված չի լինի ժամանակ վատնել ղարաբաղյան խնդրի էությանը եւ հակամարտության կողմերի դիրքորոշումներին ծանոթանալու համար: