AM
16 Ապրիլ 2004 - 16:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՂՐՂԶԸՍՏԱՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի շարք հանդիպումներ Է անցկացրել Համագործակցության երկրների իր գործընկերների հետ: Մասնավորապես, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել` երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա մայիսին: Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի իր նորանշանակ գործընկերոջ` Միխայիլ Ֆրադկովի հետ: Կողմերը քննարկել են Ռուսաստանին պարտքի դիմաց մի շարք հայկական ձեռնարկությունների փոխանցման գործընթացի, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի միացման խնդիրները: Վարչապետերը կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ծավալների աճը, ընդգծելով տրանսպորտային ուղիների` մասնավորապես, «Կովկաս» նավահանգստի շինարարության ծրագրի իրականացման, ինչպես նաեւ վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման նշանակությունը: Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է Մ.Ֆրադկովին այցելել Հայաստան: