AM
14 Ապրիլ 2012 - 12:15 AMT

Սերժ Սարգսյան. Հայաստանի ոստիկանությունը շարունակում է իր ուղին փոփոխությունների դժվար ճանապարհին

«Հարգելի ոստիկաններ, շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կարծում եմ, ձեզնից որևէ մեկը չի կասկածում, թե որքան լավ եմ պատկերացնում ես ձեր աշխատանքի բարդություններն ու ձեր խնդիրները: Հայաստանի ոստիկանությունը շարունակում է իր ուղին փոփոխությունների դժվար ճանապարհին: Գոհունակությամբ արձանագրում եմ` արդյունքներն իսկապես տեսանելի են»,- այսօր՝ Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է. «Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել: Ձեզնից կրկին ակնկալվում է բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն մի կողմից, և վճռականություն` մյուս կողմից: Պրոֆեսիոնալ ոստիկանը կարողանում է ճիշտ որոշել սահմանը, ինչն իսկապես հեշտ գործ չէ: Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալները ձեր շարքերում շատ են ու ավելանում են: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարևոր գործում:

Վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից: Պետք է այնպես անեք, որ այս հնարավորությունը բաց չթողնեք:

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, նոր ձեռքբերումներ ծառայության մեջ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ: