Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի ղեկավարությանը հստակ հասկացնել է տվել, որ Անկարան ակնկալում է պաշտոնական Բաքվից ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը, Ադրբեջանի խորհրդարանը մտադիր չէ շտապել տվյալ հարցում, քանզի դա կարող է բացասաբար անդրադառնալ երկրի հիմնախնդիրների լուծման վրա: Աղբյուրի համաձայն` չի կարելի մոռանալ, որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է մնում ապագայում Եվրամիությանն անդամակցելու ռազմավարական ծրագրերին: Ճանաչելով Կիպրոսի թուրքական մասի անկախությունը, որն անընդունելի է Եվրամիության շատ երկրների համար, Ադրբեջանը վտանգում է ոչ միայն կորցնել ապագայում ԵՄ անդամակցելու բոլոր հնարավորությունները, այլեւ մոտ ապագայում կարող է դառնալ Եվրոպայի համար անընդունելի «նոր հարեւան»: Բացի այդ Բաքվում մտավախություն կա, որ քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված, Հյուսիսային Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է ավարտվել որոշ եվրոպական երկրների, մասնավորապես, Հունաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմամբ:





