Հարավային Ադրբեջանի (Հյուսիսային Իրան) ազգային զարթոնքի շարժման առաջնորդ Մահմուդալի Չեհրաղանլին ապրիլի 24-ին Թեհրանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների ողջ պատասխանատվությունը դրել է Իրանի իշխանությունների վրա: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, իր հայտարարությունում նա այդ բախումները համարել է «Իրանի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների համատեղ սադրանք»: Նրա կարծիքով` Իրանի իշխանությունները թույլատրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահավաքի անցկացումը` թուրքերի հանդեպ տածած ատելությունից ելնելով: Ըստ որում, երկրի իշխանությունները գիտակցաբար անտեսել են ծագումով թուրք սեփական քաղաքացիների զգացմունքները, գտնում է Չեհրաղանլին: Նրա խոսքերով` օգտագործելով այդ իրավիճակը` իշխանությունները ճնշումներ են կազմակերպել ադրբեջանցիների ազգային շարժման ակտիվիստների դեմ: Չեհրաղանլին դիմել է բոլոր պետություններին եւ միջազգային կառույցներին` կոչ անելով ճնշում գործադրել պաշտոնական Թեհրանի վրա` Իրանում ձերբակալված Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման 50 ակտիվիստի կալանքից ազատելու նպատակով:





