AM
18 Ապրիլ 2012 - 12:57 AMT

Ծանրամարտի ԵԱ-2012-ում մեկ փոքր մեդալ` ԵԱ-2008-ի 17-ի դիմաց

Ապրիլի 15-ին Անթալիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 3 մարզիկներով մասնակցած Հայաստանի հավաքականը կարողացավ հրում վարժությունում նվաճել մեկ փոքր արծաթե մեդալ: Այն իր հաշվին գրանցեց գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: Հայաստանի կազմը փորձարարական էր, և մարզիչ Պողոս Պողոսյանը նպատակ ուներ գործի մեջ տեսնել այս ծանրորդներին: Իսկ հավաքականի հիմնական կազմն այդ ընթացքում շարունակում էր մարզվել և նախապատրաստվել Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Կանանց հավաքականն այս տարի ընդհանրապես չմասնակցեց առաջնությանը:

Պատկերն ամբողջովին այլ էր Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ իտալական Լինգյանո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ հայ ծանրորդները նվաճեցին 17 մեդալ, որից 13-ը` ոսկե, 3-ը` արծաթե և մեկը` բրոնզե: Տղամարդկանց պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին Տիգրան Գ. Մարտիրոսյանը և Տիգրան Վ. Մարտիրոսյանը, իսկ Արա Խաչատրյանը դարձել էր արծաթե մեդալակիր: Իտալիայից չեմպիոնական մեդալներով էին վերադարձել նաև Մելինե Դալուզյանն ու Նազիկ Ավդալյանը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Ինչպես և 2008 թվականի Օլիմպիադային, Լոնդոն ևս հայ ծանրորդները կմեկնեն 6 հոգով: Սակայն 5 ծանրորդի փոխարեն այս տարի Օլիմպիական խաղերին կմասնակցեն չորսը, իսկ ահա կանայք մեկի փոխարեն կունենան 2 ներկայացուցիչ:

Պեկինում Հայաստանի հավաքականի նվաճած 6 բրոնզե մեդալներից 3-ը ձեռք են բերվել ծանրորդների շնորհիվ: Օլիմպիական մեդալներով հայրենիք էին վերադարձել Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանն ու Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Հուսանք, որ այս տարի ևս Հայաստանի հավաքականը Լոնդոնից կվերադառնա Օլիմպիական մեդալներով: