AM
28 Ապրիլ 2004 - 13:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԵՆՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային Ժողովն այսօր երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման կարգի մասին» օրինագիծը: Փաստաթուղթը ներկայացրած Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով, խորհրդարանում առաջին ընթերցումից հետո օրինագիծը լրամշակվել է ԵԱՀԿ-ի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Մասնավորապես, նվազագույնի են հասցված իշխանական եւ դատական մարմինների սուբյեկտիվության դրսեւորումները նման միջոցառումներ արտոնելիս: Զանգվածային ակցիաների անցկացման ապօրինի խոչընդոտման դեպքում, պետկառույցների ներկայացուցիչները կարող են ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության: Կրճատվել են նաեւ ակցիաների անցկացման թույլտվություն տրամադրելու եւ մերժումը դատարանում բողոքարկելու ժամկետները: Բացի այդ լիազոր մարմիններրը պետք է այլընտրանքային վայր եւ ժամանակ տրամադրեն ակցիայի կազմակերպիչներին: Զանգվածային միջոցառումները արգելվում է անցկացնել հատուկ նշանակության, պետական եւ ռազմավարական նշանակության, ինչպես նաեւ բնակչության կենսագործունեությունը ապահովող օբյեկտների մոտ (մինչեւ 150 մետր): Նշենք, որ Հայաստանի ընդդիմությունը «ռեպրեսիվ» է անվանել տվյալ օրինագիծը, եւ նրա ընդունումը խորհրդարանի կողմից դարձել է երկրում ներքաղաքական իրավիճակի նորմալացման վերաբերյալ իշխանությունների հետ երկխոսության դադարեցման պատճառներից մեկը: