AM
30 Ապրիլ 2004 - 17:11 AMT

«FREEDOM HOUSE» ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՄՈՒԼՆ «ԱԶԱՏ ՉԷ»

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Խոսքի ազատություն-2004» ամենամյա զեկույցը, որի համաձայն` Հայաստանի մամուլը «ազատ չէ»: Կազմակերպության կողմից կազմված վարկանիշում 193 երկրներից Հայաստանը գտնվում է 135-րդ հորիզոնականի վրա: «Ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում են նախկին ԽՍՀՄ համարյա բոլոր երկրները: Մասնավորապես, Ադրբեջանը գտնվում է 156-րդ տեղում, իսկ Ռուսաստանը` 148-րդ: Ընդսմին Վրաստանը տեղավորվել է 115-րդ տեղում` «մասամբ ազատ» մամուլի կարգավիճակով: Խոսքի ազատության տեսանկյունից «Freedom House»-ի կարծիքով, ամենաբարեհաջողներն են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան, իսկ ամենաանհաջողները` Հյուսիսային Կորեան, Կուբան, Թուրքմենստանը: Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի է առնվում ԶԼՄ-ների գործունեությունը ապահովող օրենսդրությունը, քաղաքական ճնշման մակարդակը: Զեկույցում նշվում է նաեւ, որ մի շարք երկրներում քաղաքական իրարանցումը եւ ընտրությունների հետ կապված ակտիվացումը բացասաբար են անդրադարձել մամուլի վրա: Օրինակ` ընտրությունների առնչությամբ ԶԼՄ-ների նկատմամբ սպառնալիքի դրսեւորում է դիտվել Ադրբեջանում, Արգենտինայում, Գվատեմալայում եւ Գվինեայում: