AM
30 Ապրիլ 2004 - 19:28 AMT

Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ԵԽԽՎ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր վստահություն է հայտնել, որ երկրի ղեկավարությունը լրջորեն կմոտենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ապրիլի 28-ին ընդունված բանաձեւում շարադրված հանձնարարականներին: Ընդսմին նա ընդգծել է, որ այդ պահանջների կատարման համար հավասար պատասխանատվություն են կրում եւ իշխանությունները եւ ընդդիմությունը: Նախարարը նկատել է, որ բանաձեւում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, եւ «Հայաստանի իշխանություններն անպայման կարձագանքեն դրան»: Բացի այդ, ասել է նա, պաշտոնական Երեւանը մտադիր է ԵԽ-ի ղեկավարության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բանաձեւում չեն հիշատակվում հայկական ընդդիմության ծայրահեղական եւ հակասահմանադրական բնույթ կրող պահանջները եւ կոչերը: Օսկանյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԵԽԽՎ-ն չի աջակցել հայկական ընդդիմության նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու ձգտումներին: Նա կարեւոր է համարել նաեւ այն փաստը, որ ԵԽԽՎ բանաձեւը կասկածի տակ չի առել նախորդ տարի Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ է արել սկսել երկխոսություն առանց որեւէ նախապայմանների: