Հասարակայնության և կապերի հայաստանյան ասոցիացիան մարտի 12-ից ապրիլի 14-ը ներառյալ ուսումնասիրել է Հայաստանում հրատարակվող 16 անուն թերթերի մոտ 2500 հոդվածներ, որոնք առնչվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացված հաշվետվության համաձայն՝ հայաստանյան տպագիր մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրական գործընթացի նկատմամբ:
Ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Սիրունյանը նշեց, որ շատ դեպքերում մամուլում արձանագրվել են անհավասարակշիռ, իրադարձությունների սուբյեկտիվ և ընտրանքային լուսաբանման դեպքեր: Նրա խոսքով՝ տպագիր մամուլը ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ:
Ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում տպագիր մամուլում ամենից շատ հիշատակվողը ՀՀԿ-ն է, որին հետևում է ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: Իսկ ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն և«Միավորված հայեր» կուսակցությունների գործունեությունը մամուլի կողմից հիշատակվում է խիստ հազվադեպ: Նա նաև նշեց, որ վերջին շրջանում թերթերի հետաքրքրությունը ընտրական գործընթացների նկատմամբ 10 տոկոսով աճել է:
«Այս կամ այն կուսակցությանը հարող թերթերը ավելի շատ զբաղված են հակաքարոզչությամբ, քան նախընտրած քաղաքական ուժի նախընտրական վերլուծությամբ»,- ասաց Մինասյանը:
Բանախոսները նշեցին, որ հետազոտության արդյունքները չի կարելի ընկալել որպես ԵՄ կամ ԵԱՀԿ պաշտոնական կարծիքի արտացոլում, թեև իրականացվել է կառույցների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ:





