Հայաստանում բնակվող մի քանի հարյուր նախկին խորհրդային ռազմագերիները մտադիր են կոլեկտիվ հայց ներկայացնել ԳԴՀ Գերագույն վարչական դատարան` պահանջելով իրենց վրա տարածել փոխհատուցումների վճարումը` ֆաշիստական Գերմանիայի նախկին գերիների ստրկական աշխատանքի համար: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանն է հաղորդել ռազմագերիների շահերը ներկայացնող գերմանացի փաստաբան Ստեֆան Թաշչյանը: Վերջերս նա ավարտել է աշխատանքը մոսկովյան արխիվներում եւ այժմ գտնվում է Երեւանում, որտեղ ծանոթանում է իր հաճախորդների գործերին: Հայցը կհասցեագրվի ԳԴՀ ֆինանսների նախարարությանը եւ նացիզմի զոհերին վճարումներով զբաղվող գերմանական «Հիշողություն, պատասխանատվություն եւ ապագա» հիմնադրամին: Նշենք, որ Ս.Թաշչյանը անցյալ տարվա ամռանը Բեռլինի վարչական դատարանում արդեն ներկայացրել է երկու նախկին հայ ռազմագերիների շահերը նույնանման գործում: Դատարանը այն ժամանակ մերժել էր հայցը, վկայակոչելով տեղի օրենսդրությունը, որով գերության մեջ լինելը «հիմք չի հանդիսանում փոխհատուցում ստանալու համար»: Մինչդեռ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի աշխատակից, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հարկադրական աշխատանքի հարցերով մասնագետ Պավել Պոլյանայի կարծիքով, բացառիկ դաժան վերաբերմունքը, որին արժանացել են խորհրդային ռազմագերիները, հիմք է ծառայում` նրանց, որպես նացիզմի զոհերի հատուկ կատեգորիա ընկալելու համար:





