AM
7 Մայիս 2004 - 13:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԱՄՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

ԱՄՆ վարչակազմը Հայաստանին ընդգրկել է 16 երկրների ցուցակում, որոնք այս տարի կարող են միջոցներ ստանալ «Հազարամյակի մարտահրավերներ» Հիմնադրամից` տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու նպատակով: Ցուցակում ընդգրկվել են նաեւ Վրաստանը, Գանան, Գոնդուրասը, Բենինը, Բոլիվիան, Լեսոտոն, Մալին, Մադագասկարը, Մոզամբիկը, Կաբո-Վերդեն, Վանուատը, Սենեգալը, Մոնղոլիան, Նիկարագուան եւ Շրի Լանկան: Ի սկզբանե օգնություն ստանալուն հավակնում էր 63 երկիր: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ընտրվել են այն երկրները, որոնք, Վաշինգթոնի կարծիքով, սկսել են ակտիվ քայլեր ձեռնարկել մարդկանց քաղաքացիական իրավունքների պահպանման եւ կաշառակերության վերացման ուղղությամբ: Հիմնադրամի բյուջեն այս ֆինանսական տարում կկազմի 1 մլրդ դոլար: