Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին Պրահայում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նշելով, որ մայիսի 12-14 Սթրասբուրգում կայացած իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում նա նկատել է Բաքվի կողմից բանակցությունները շարունակելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր եզրեր գտնելու մտադրություն: Իսկ Սթրասբուրգի հանդիպումը, նախարարի խոսքերով, բանակցություն անվանել չի կարելի, քանի որ օրակարգ չի եղել եւ այն ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրել: Անդրադառնալով «գրավյալ տարածքների վերադարձման» վերաբերյալ Բաքվից հնչող կոչերին` Վ. Օսկանյանը նշել է, որ ղարաբաղյան խնդրում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի սահմանումն է: Մնացած բոլոր հարցերը այդ խնդրի կարգավորված չլինելու հետեւանք են, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:





