Իրանի էներգետիկայի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հողմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Իրան.ռու»-ն, հայտարարել է իրանական «Սադիդ Սեբա Նիրու» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Շախրամ Ամինիանը: Նրա խոսքերով, Իրանը բավականաչափ հնարավորություններ ունի այլ երկրներ տեխնիկական գիտելիքներ արտահանելու համար: Շ.Ամինիանն հաղորդել է, որ ներկայումս երկու երկրների միջեւ շարունակվում են բանակցությունները, միաժամանակ էներգետիկայի նախարարությունն ինտենսիվորեն զբաղվում է այդ հարցով: Էներգետիկայի նախարարության հետ սերտորեն համագործակցող մի քանի իրանական ընկերություններ հայտարարում են այն մասին, որ հողմային տուրբինների համար 40-մետրանոց թիակների արտադրության հնարավորություններ ունեն: Հիշեցնենք, որ Հայաստանը նախատեսում է մինչեւ 2006 թվականը 2 ՄՎտ հզորությամբ առաջին հողմային էլեկտրակայանը կառուցել Իրանի հետ տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ, որն արդեն այդ նպատակով հատկացրել է 2,5 մլն դոլարի դրամաշնորհ:





