AM
20 Մայիս 2004 - 17:56 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԻՑ

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպայի սպանության վերաբերյալ գործի քննությունը չի ընթացել օրենքի խստիվ պահպանմամբ: Այդ մասին, ադրբեջանական «525» թերթի հաղորդագրության համաձայն, Բաքվում լրագրողներին է հայտարարել մեղադրյալի փաստաբան Ադիլ Իսմայլովը, որը օրերս է վերադարձել Հունգարիայի մայրաքաղաքից: Նրա դժգոհությունը, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ իր պաշտպանյալին չեն տրամադրել ադրբեջաներեն լեզվից թարգմանիչ, եւ նա ստիպված է եղել ռուսերեն ցուցմունքներ տալ: Դրանից բացի, փաստաբանի կարծիքով, հունգարական հեռուստաալիքները կողմնակալ հաղորդումներ են հեռարձակել այն մասին, որ Սաֆարովը նախկինում խոստովանել էր, թե Հունգարիա էր ժամանել հայերին սպանելու միակ նպատակով: Իսկ այժմ, կարծում են հունգարական ԶԼՄ-ները, նա հերքում է իր ցուցմունքները` փորձելով ձգձգել քննությունը: Այս ամենը, գտնում է փաստաբանը, հորինվել եւ տարածվել է հենց քննության կողմից` թույլ տրված թերություններն արդարացնելու նպատակով: Նրա խոսքերով, Ռամիլ Սաֆարովին ներկայացվել է մեղադրանք Հունգարիայի ՔՕ 166 հոդվածի 4 կետերով: Առաջին կետը պատասխանատվություն է նախատեսում նախապես ծրագրված սպանության համար, երկրորդը` ստոր մղումներով սպանության, երրորդը` առանձնակի դաժանության, չորրորդը` մի քանի մարդու նկատմամբ մահափորձի համար: Սպասվում է, որ քննությունը կավարտվի այսօր կամ վաղը: Ինչ վերաբերում է դատի ժամկետին, ապա, Իսմայլովի խոսքերով, այն կսկսվի սեպտեմբերից ոչ շուտ եւ կարող է տեւել մոտ երկու ամիս: