Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները` բացահայտ ապատեղեկատվություն է: Այդ մասին հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` նշելով, որ ոչ մի ակցիա ո’չ մայրաքաղաքում, ո’չ նրա սահմաններից դուրս չի անցկացվել, եւ նույնիսկ նման տրամադրությունների ակնարկ էլ չկա: Հիշեցնենք, որ Բաքվի «Էխո» թերթը նախօրեին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ելույթների մասին` ղարաբաղյան հակամարտության դադարեցման, իրենց սոցիալական պայմանների բարելավման պահանջով, ինչպես նաեւ Ադրբեջանի կազմում ապրելու նրանց ցանկության մասին: Ավելին, թերթը գրել է, թե հանրահավաքներից մեկի ժամանակ «ղարաբաղյան դրոշի կողքին բարձրացվել է ադրբեջանական դրոշը»: «Արմինֆո» գործակալության համաձայն` իրադրությունը Ստեփանակերտում հանգիստ է, կյանքն ընթանում է իր նորմալ հունով: Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջանակներում Բաքվի ապատեղեկատվությունն անվանել են սադրանք ներկայացնող բացահայտ զրպարտանք, որը որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում:





