AM
8 Մայիս 2012 - 09:20 AMT

Մաշտոցի պուրակի ակտիվիստները պահանջում են պատժել ոստիկանության բարձրաստիճան սպաներին

Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար պայքարող քաղաքացիները բաց նամակ են գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ անդրադառնալով ապրիլի 29-ին պուրակում տեղի ունեցած դեպքերին:

«Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին, որոնք անօրինականություն և բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ: Մասնավորապես պետք է պատասխանատվության ենթարակվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, և գնդապետ Վալերի Օսիպյանը ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կարգի հաստատաման և մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար»,- նշվում է նամակում:

Մաշտոցի պուրակում ապրիլի 29-ին տեղի են ունեցել բախումներ ակտիվիստների ու ոստիկանության միջև: Ոստիկանություն բերման էին ենթարկվել ակտիվիստներ Արաման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Եղյա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Վահրամ Սողոմոնյանը, Կարեն Հարությունյանը, և ապամոնտաժող խմբիանդամներից մեկը։ Ակտիվիստներից մի քանիսը մարմնական փոքր վնասվածքներ են ստացել և դիմել են այգու հարևանությամբ գտնվող Մոր և մանկան առողջության կենտրոն` բուժօգնություն ստանալու համար:

Դեռ առավոտնից այգում իրավիճակը լարված էր: Ապամոտնաժող բրիգադի անդամները փորձում էին անցնել կրպակները փակող մետաղական արգելքները, այդ ընթացքում ակտիվիստները այգու մյուս հատվածում երկու վրան են տեղադրել:

Ոստիկանությանը վրաններից մեկը տարել է, սակայն ակտիվիսնտերը թույլ չեն տվել կարմիր բերետավորիներին մոտենալ երկրորդ վրանին: