Մաշտոցի պուրակի պայքարի արդյուքնում հաջողվեց երեք խոշոր ձեռքբերում ունենալ, առաջին` հնարավոր եղավ պուրակի ֆիզիկական վերադարձը հանրությանը, երկրորդ՝ ձևավորվեց քաղաքային պայքարի նոր մշակույթ, և երրորդ` Մաշտոցի պուրակը դարձավ նոր մշակութային տարածք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իրենց՝ հաջողությամբ պսակված պայքարին, այս մասին հայտարարեցին ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Արփինե Գալֆայանն ու Գոռ Հակոբյանը։
Գոռ Հակոբյանը նշեց, որ Մաշտոցի պուրակի պայքարը շարունակվելու է և քաղաքային իշխանությունները, որոնք կայացրել են կրպակների տեղադրման ապօրինի որոշումը, պատժվելու են։ Նա հավելեց, որ խաղաղ քաղաքացիների նկատմամբ անօրինական բռնություն կիրառած ոստիկանները ևս ենթարկվելու են պատասխանատվության։
Ակտիվիստը նշեց նաև, որ իրենք ակտիվորեն աշխատելու են այգու բարեկարգման գործընթացի ուղղությամբ, որպեսզի պուրակը դառնա մշակութային նոր տարածք։
Ռուզաննա Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց համար անընդունելի է պուրակի հարցի` նախագահի միջամտությամբ լուծումը, քանի որ այդպիսով Սերժ Սարգսյանի կողմից չարաշահվում են սահմանադրական լիազորությունները։ Ակտիվիստները դիմելու են նաև քաղաքապետարան` պարզելու` Աբովյան փողոցից կրպակների ապամոնտաժում ինչ միջոցներով է կատարվել։





