AM
11 Մայիս 2012 - 10:46 AMT

ՀԿ-ները պահանջում են հրապարակել ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Մի շարք ՀԿ-ներ այսօր հայտարարություն են տարածել ՀՀ 2012- ԱԺ ընտրությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «2012- թ. մայիսի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար և չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին:

Պատշաճ ընտրությունների կազմակերպման և հանրության վստահության վերականգնման անհրաժեշտությունը դարձել է Հայաստանի` այլ պետությունների և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ փախհարաբերությունների առանցքային խնդիրը` մասնավորապես, արտացոլվելով ԵԽԽՎ որոշումներում և ԵՄ հետ ասոցիացմանն առնչվող բանակցություններում: Չնայած այս համգամանքին` ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված հրապարակային խոստումներին` անցկացնելու «օրինակելի» ընտրություններ, 2012-ի մայիսին ևս Հայաստանի հասարակությունն ականատես չեղավ ժողովրդավարական պետությանը հարիր ընտրությունների և առաջին հերթին չարդարացան մեր հասարակության ակնկալիքները:

Ընտրական գործընթացի և քվեարկության արդյունքների վրա աննախադեպ մեծ ազդեցություն են ունեցել ընտրազանգվածի կաշառումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, պետական համակարգի և մասնավոր գործատուների կողմից իրենց աշխատողների նկատմամբ քաղաքական թելադրանքն ու ճնշումը և բազմաթիվ այլ անօրինական «տեխնոլոգիաների» կիրառումը:

Մենք՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղ. հասարակության ներկայացուցիչներս, խորապես մտահոգ ենք Հայաստանում տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծարարության մեխանիզմներով և դրանց կիրառողների անպատժելիությամբ: Արձանագրում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի` Հայաստանում ձևավորվելու առաջին և անհրաժեշտ նախապայմանն է 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը»: