Հունիսի 10-ին Երեւանում կայացել է` ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ ԶԼՄ-ներին նյութական վնաս հասցնելու մասին գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարձակման էին ենթարկվել մի խումբ «խաժամուժների» կողմից, երբ փորձել էին նկարահանել, թե ինչպես են նրանք ձվեր նետում ցուցարարների վրա: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հետաքննությունը վարող Երեւանի դատախազությունը բացահայտել է հարձակվողներից երկուսին` Աշոտ Ավետիսյանին եւ Հրայր Հարությունյանին, որոնք ընդունել են իրենց մեղքը: Դեռեւս մինչեւ դատաքննությունը մեղադրյալները փոխհատուցել են Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, «Կենտրոն» հեռուստաընկերությանը (այժմ` «Առավոտ»), «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերին հասցված վնասը: Հունիսի 10-ի դատական նիստի ընթացքում տուժածներից ոչ մեկը լրացուցիչ ունեցվածքային պահանջներ առաջ չի քաշել: Դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի «ունեցվածքի կանխամտածված ոչնչացման կամ վնասման» մասին հոդվածի համապատասխան Ա.Ավետիսյանին եւ Հ.Հարությունյանին դատապարտել է 100 հազար դրամ տուգանքի (մոտավորապես 180 դոլար):





