AM
15 Մայիս 2012 - 09:55 AMT

Հունիսին Երևանում Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ը նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:

Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվել է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը:

Ըստ այդմ` 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկա երեք տարիների ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ:

Միաժամանակ Ա. Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ հունիսի 27-29-ը Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաև Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա և Հերցոգովինայի կրթության և գիտության նախարարները: Նախարարը հույս է հայտնել, որ այդ ընթացքում տեղի կունենան նաև երկկողմանի հանդիպումներ:

Դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն նշել է, որ իրավամբ երկու երկրների հարաբերություններում կրթությունն ու մշակույթը գերակա ուղղություններ են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության և Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր: