Յուրաքանչյուր ոք կարող է ստանալ կենսաչափական տվյալներով անձնագիր կամավոր` անկախ տարիքից: Այս մասին հատնում է ՀՀ ոստիկանությունը, հավելելով, որ քաղաքացիները ՀՀ-ում անձնագիր ստանալու մասին դիմումը պետք է ներկայացնեն իրենց հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:Քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Դրա համար անհրաժեշտ է հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն ներկայացնել դիմում: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Անձնագիրը ՀՀ-ում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկներում անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում: Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
Քաղաքացիները կարող են առավել սեղմ ժամկետներում ստանալ (փոխանակել) անձնագիր կամ նույնականացման քարտ` ՀՀ ոստիկանության հետ կնքելով սեղմ ժամկետներում ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագիր:





