«Հրապարակը» գրում է, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանն Էջմիածնի «Վան» ռեստորանում նշել է ՀՀԿ հաղթանակը Նուբարաշենի ՀՀԿ ակտիվի հետ։
«Մինչ նախագահ Սարգսյանն իր կուսակիցների հետ նշում էր կուսակցության հաղթանակը, Ճանապարհային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բառիս բուն իմաստով տեռորի էին ենթարկում ՀՀ ոչ հանրապետական քաղաքացիներին։ Խնդիրն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանի` Էջմիածնում գտնվելու ընթացքում Երևան–Էջմիածին խճուղին հսկում էին տասնյակից ավելի ՃՈ մեքենաներ. Ամեն կես կիլոմետրի վրա` մի մեքենա։ Բայց նրանք ոչ միայն հսկում էին ճանապարհը, այլև ձեռքի հետ զբաղվում այդ ճանապարհով անցնելու դժբախտություն ունեցող վարորդների ահաբեկմամբ։ Այլ բան դժվար է այս դեպքում ասել, քանի որ մարդուն 10 րոպեի ընթացքում 3-4 անգամ կանգնեցնելը և երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրելը չի կարող օրինաչափություն համարվել։ Այնպես, որ նախագահ Սարգսյանն ավելի լավ կանի մարզ գնալիս չօգտվի ՃՈ պարեկային ծառայությունից. դրանից ոչ մի օգուտ չկա` բացի շարքային քաղաքացիներին պատճառվող հսկակայական գլխացավանքից և ֆինանսական կորուստներ պատճառելուց»,–գրում է թերթը։





