«Նարեկացի» արվեստի միությունում այսօր «Վիքիպեդիա դպրոցներ և համալսարաններ» նախաձեռնությունը կազմակերպել է Վիքիպեդիայում աշխատելու ձևերի, կանոնների հետ կապված սեմինար պարապմունք արվեստագետների և արվեստի հետ կապ ունեցող մարդկանց համար:
Հայկական Վիքիպեդիայի ադմինիստրատորներ Սուսաննա Մկրտչյանը և Մհեր Բեքարյանը համառոտ ներկայացրեցին Վիքիպեդիայի պատմությունը, որից հետո տեսական գիտելիքները ներկաները ադմինիստրատորների օգնությամբ փորձեցին կիրառել գործնականում։
«Instigate» ընկերության ծրագրերի համակարգող Արմենուհի Պետրոսյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Վիքիպեդիա դպրոցներ և համալսարաններ» նախաձեռնությունը նման պարապմունքներ անցկացնում է 2011 թվականից տարբեր դպրոցներում, ուսանողների շրջանում.
«Մինչ օրս նմանատիպ ուսուցողական շնորհանդեսներ անցկացվել են Անանաիա Շիրակացու անվան վարժարանում, Ֆիզմաթ դպրոցում և ուսանողների շրջանում: Սա ինտերնետ օգտագործողներին ակտիվացնելու ձև է, խրախուսելու մարդկանց ոչ միայն ստանալ , այլև ներդնել»:
Վիքիպեդիայի ադմինիստրատոր Մհեր Բեքարյանը նշեց, որ հայկական Վիքիպեդիայի համար այսօր հիմնական խնդիրը մարդկային ռեսուրսների պակասն է։ Ըստ նրա` մեզ մոտ մարդիկ ավելի պասիվ են ու պակաս նախաձեռնող:
Չնայած այսօրվա դասընթացը նախատեսված էր հենց արվեստագետների համար, միջոցառման նկատմամբ այդքան էլ մեծ չէր հետաքրքրությունը հենց արվեստագետների կողմից. ներկա էին միայն մի քանիսը։
«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ծրագրերի ղեկավար Լևոն Իսկենյանը դա պայմանավորում է նրանով, որ արվեստագետները դեռևս այդքան էլ չեն պատկերացնում, թե ինչ կարևոր ու հզոր զենք է այսօր Վիքիպեդիան:
Հայկական Վիքիպեդիայում այսօր արդեն կա 25.620 հոդված:
«Վիքիպեդիա դպրոցներ և համալսարաններ» նախաձեռնությունը ստեղծվել է մի քանի ընկերությունների` «Instigate», «Անահիտ», «Կազա» և Վիքիպեդիայի ադմինիստրատորների համագործակցության արդյունքում:





