AM
21 Մայիս 2012 - 12:21 AMT

Սկսվել է ընդունելություն Գևորգյան հոգևոր ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2012 – 2013 ուստարվա ընդունելություն։ Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են դիմել ՀՀ և արտասահմանյան երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և դավանում են հայ առաքելական սուրբ եկեղեցուն:

Ճեմարանում ուսումն անվճար է. ընդունվածներն ապահովվում են անվճար կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով:

Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան սուրբ գրքի իմացության, Հայ եկեղեցու պատմության գիտելիքների շուրջ, ինչպես նաև եկեղեցական փորձառության և ինքնաարտահայտվելու կարողության:

Դիմորդները Ճեմարան ընդունվելու համար պետք է հանձնեն քննություններ հայոց լեզվից (գրավոր, հարցարան), հայ գրականությունից (բանավոր), հայոց պատմությունից, երաժշտությունից (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն) և անգլերենից (ստուգարք):

Դիմումները և ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի ռեկտորի անունով, անհրաժեշտ է ներկայացնել դիմում, միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական, բնութագիր (դպրոցի տնօրենից), զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը), բժշկական վավերացման տեղեկանք (086 ձև), երկու լուսանկար 3 X 4 չափի, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից, տեղեկանք բնակավայրից, մկրտության վկայական:

Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուստարվա քննությունները անց են կացվելու երկու փուլով` հուլիս ամսվա ընթացքում և օգոստոս ամսվա ավարտին:

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, մայիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչև ժամը 13:00):