Ոչ պաշտոնական համաժողովին Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների 10 նախագահներ հավաքվել են այսօր առավոտյան մոսկովյան ձիարշավարանում, որպեսզի հետեւեն Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը, Վլադիմիր Պուտինի եւ նրա տիկնոջ հետ միասին ամբիոնի կենտրոնական սեղանի շուրջ նստել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Աղբյուրի համաձայն` հարեւան սեղանի շուրջ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը զրուցում էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի հետ: Ռուսաստանի ղեկավարի հարեւանությամբ գտնվող հաջորդ սեղանի շուրջ նստել են Ղրղզըստանի նախագահ Ասքար Աքաեւը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրենց տիկնանց հետ:





