AM
5 Հուլիս 2004 - 15:18 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՁԻԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՇՓՈԹԵԼ ԵՆ ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԻ ՀԵՏ

Անցյալ շաբաթ Մոսկվայի ձիարշավարանում տեղի ունեցած Ռուսաստանի նախագահի սահմանած մրցանակի ձիարշավում, որին մասնակցում էին ԱՊՀ պետությունների ղեկավարները, Վլադիմիր Պուտինին մոտեցել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին, «որը շատ նման էր շախմատիստ Գարրի Կասպարովին»: Այդ մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը` նշելով, որ շփոթելով Քոչարյանի որդուն հայտնի շախմատիստի հետ, շատերը զարմացած էին, քանի որ Կասպարովը Պուտինին ընդդիմադիր «Ընտրություն-2008» կոմիտեի անդամ է, որին անդամակցում են նաեւ «աչերը» եւ Խոդորկովսկու թիմակիցները: Իսկ Ռուսաստանի նախագահը ոչ միայն գլխով է արել նրան, այլ մի փոքր բարձրանալով տեղից, սեղմել է ձեռքը: Ինչպես նկատել են ձիարշավը լուսաբանող մոսկովյան լրագրողները, Ռ.Քոչարյանի որդին հարմար չէր զգում իրեն տրիբունայում.«Բացի նրանից, որ նա մեջքով էր նստած Ռուսաստանի նախագահին, նաեւ պարբերաբար ստիպված էր շրջվել, Ուկրաինայի նախագահի հետ շփվելու համար», նշում է թերթը: