AM
8 Հուլիս 2004 - 12:41 AMT

ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Դեռեւս ճշտված չեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընթացիկ տարվա աշնանը Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հստակ ժամկետները: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Կա հրավեր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ կա Վլադիմիր Պուտինի սկզբունքային համաձայնությունը: Մենք սկսում ենք աշխատել ռուսական կողմի, այդ թվում` նախագահի աշխատակազմի եւ ՌԴ ԱԳՆ-ի հետ` այցի ժամկետը հստակեցնելու նպատակով», – ասել է նախարարը: Նրա կանխատեսմամբ, նախագահները կքննարկեն բանկային ոլորտի, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ շինարարության ոլորտների հարցեր: «Հայկական տնտեսության այդ բոլոր ոլորտներում Ռուսաստանի ներկայությունը զգալի է»,-նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: