Մայիսի 28-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 00.56-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե Ազատության պողոտայում` «Գոլդեն Պալաս» հյուրանոցի դիմացի բարձրությունից (մոտ 8 մ), մարդ է ընկել: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ժամը 01.24-ին փրկարարները սելավատարի մեջ հայտնաբերել են 1988 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դին: Փրկարարները դին դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Ականատեսները PanARMENIAN.Net-ին պատմել են, որ երիտասարդը իր հարևաններին մեքենայով տանելիս է եղել օդանավակայան, սակայն ճանապարհին որոշել է կանգ առնել կարիքները հոգալու համար: Նա բարձրացել է մայթեզրի արգելապատնեշի վրա և, հավանաբար չկարողանալով պահել հավասարակշռությունը, վայր է ընկել ու տեղում մահացել:





