AM
1 Հունիս 2012 - 07:15 AMT

«Առավոտ». Այսօր մեկնարկում են միասնական քննությունները

Հայաստանում և ԼՂՀ-ում այսօր մեկնարկում են պետական ավարտական և միասնական քննությունները: «Առավոտ» օրաթերթը գրում է, որ այսօր անցկացվող կենսաբանություն առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 դիմորդ, ընդհանուր պատմություն` 397 և աշխարհագրություն` 392 (Հայաստան և ԼՂՀ ներառյալ): «Քանի որ քննական կենտրոնները ձևավորվում են ըստ դիմորդների, ըստ այդմ Երևանում այսօր քննություն կընթանա 2 քննակենտրոններում` թիվ 189 ավագ և 14 հիմնական դպրոցներում: Թիվ 189-ում կենսաբանություն առարկայից քննություն կհանձնի 318 դիմորդ, թիվ 14-ում` 79 դիմորդ աշխարհագրությունից, 27 դիմորդ ընդհանուր պատմությունից և 212-ը` կենսաբանությունից»:

Դիմորդները քննությունից դուրս կգան պատճենահանված ձևաթղթերով, իսկ մեկ ժամ անց նրանք կարող են իրենց աշխատանքները ստուգել ԳԹԿ atc.am կայքում տեղադրված թեսթերի պատասխաններով: Թերթը նշում է նաև, որ ստեղծվել է ևս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով` դիմորդը իր էլէկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: