Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքները, հավանաբար, կսկսվեն այս ամառ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը: Դպրոցն ավերվել է 1988 թ-ին երկրաշարժի ժամանակ, և մինչ օրս դպրոցի աշակերտները սովորում են տնակներում: Թադևոսյանի խոսքով, մոտ ժամանակներս կհայտարարվի շինարարության մրցույթ, և արդեն հավաքվել է մոտ 400.000 ԱՄՆ դոլար: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում:
21 տարի առաջ սկսվեց Rock aid Armenia (Ռոքն օգնում է Հայաստանին) նախագիծը: Այդ նախագծի կազմակերպիչը Ջոն Դին է: 1989թ. նա նկարահանումներ անցկացնելու համար այցելեց Սպիտակ եւ Լենինական (Գյումրի): Վերադառնալով Լոնդոն` Ջոն Դին որոշեց միավորել ռոք-աստղերին և հատուկ ձայնասկավառակ ձայնագրել, որից ստացված ընդհանուր հասույթը պետք է փոխանցվեր աղետի գոտուն: Rock aid Armenia նախագծի շրջանակներում բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple խմբի Smoke on the water երգը, որին մասնակցում էին Queen, Pink Floyd, The Who, Black Sabbath, Iron Maiden եւ այլ խմբերի երաժիշտներ: Նրանք թողարկեցին Rock aid Armenia ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված միջոցները ուղարկվեցին Հայաստան 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար:
2009 թ-ին «Մեդիամաքսն» ու Ջոնի Դիի Do something կազմակերպությունը որոշեցին համատեղ ջանքերով իրականացնել Armenia Grateful 2 Rock/ Rock Aid Armenia նախագիծը, որի հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:
Հայաստան կատարած այցի ժամանակ Գիլանը, Այոմին, Դաունսն ու Դին այցելեցին վերը նշված դպրոց, և ծանոթացան դպրոցի պայմաններին: Նրանք որոշեցին օգնել դպրոցի սաներին: Գիլանի երևանյան համերգից ստացած հասույթը` 45.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվեց դպրոցի վերակառուցման հաշվեհամարին: 2 տարվա ընթացքում հավաքագրվեց 110.000 գումար, որը եռապատկվեց Մարդիգյան ընտանիքի կողմից: ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է նաև 10 մլն դրամ:
WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է 2011 թ-ին, Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք իրենց շուրջ համախմբեցին բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խմբի ձայնասկավառակից ստացած ողջ հասույթը նույնպես ուղղված է այդ աշխատանքներին:
Նախագծին աջակցում է նաև Հայ օգնության ֆոնդը:





