AM
5 Հունիս 2012 - 09:57 AMT

Բնապահպանության նախարարությունը նշում է բնապահպանի օրը

ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպել է միջոցառում` նվիրված Բնապահպանի օրվան: Այս մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության

մամուլի ծառայությունը։ 1972թ ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ կառավարության կողմից 2004թ հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Միջոցառմանը մասնակցում են մի շարք միջազգային և բնապահպանական հասարակական կազմակերպություններ, դպրոցականներ, բնապահպանության նախարարության աշխատակիցներ:

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից բնապահպանի օրը նշում է շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների, հեծանվարշավների, ծառատունկների, կավճանկարչության և այլ բնապահպանական միջոցառումների ձևով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանի օրը այս տարի նշում է բնության թանգարանում, որտեղ հանրությանը կներկայացվի նախարարության պաշտոնական կայքը` արդիականցված։

Միջոցառման ընթացքում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ Կ.Դանիելյանը ներկայացնելու է «Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատում» գիրքը, ինչպես նաև թանգարանի բակում Երևանի մի խումբ դպրոցականներ կներկայացնեն «բնությունն իրենց աչքերով» կավճանկարչություն:

Խրախուսվելու են ոլորտում ակնառու ներդրում ունեցող անձինք, իսկ կավճանկարչության բոլոր մասնակից դպրոցականները կստանան նվերներ, նրանցից երեք լավագույն նկարների հեղինակները կստանան նաև նախարարության պատվոգրեր: