AM
5 Հունիս 2012 - 12:37 AMT

Փոխվարչապետն այսօր ստուգայցով Գյումրիում էր

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ստուգայցով Գյումրիում էր` ծանոթանալու պետբյուջեի միջոցներով Շիրակի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:

ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Շիրակի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որից միայն շուրջ 500 մլն դրամ` Գյումրիում ծրագրերի իրականացման համար: Երրորդ փուլով մարզում հիմնականում կիրականացվեն կրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների և մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:

Բացի այդ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ևս շուրջ 500 մլն դրամ է հատկացվել` «Մուշ-2»-ը Բուլվարային թաղամասին կապող 2,4 կմ ճանապարհի կառուցման համար:

Ա. Գևորգյանը, մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ, եղավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում ընդգրկված մի շարք օբյեկտներում, ինչպես նաև այցելեց Գյումրիի նոր բժշկական կենտրոն, որի շինարարությունն արդեն ավարտվել է, և ներկայումս կատարվում են բարեկարգման աշխատանքներ: Նա ծանոթացավ նաև Ավստրիական մանկական հիվանդանոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

Այցի ավարտին մարզպետի հետ քննարկվեցին ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: