Հայկական կողմը առաջարկել է ԵԱՀԿ-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ընթացքում ռադիոկապից անցնել անմիջական շփմանը կողմերի միջեւ: Ինչպես հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, այդ առաջարկը արվել է հուլիսի 28-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերքաբեր եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի Միզամլու գյուղերի մերձակայքում ԵԱՀԿ պլանային դիտարկման անցկացման ժամանակ, որը ընթացել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ: Դեսպան Կասպշիկը ողջունել է այդ առաջարկը եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԵԱՀԿ-ն կմիջնորդի նման հանդիպում անցկացնելու համար: Նշենք, որ տվյալ սահմանային հատվածի թվով երրորդ մոնիտորինգի անցկացումը պայմանավորված էր վերջերս այնտեղ իրավիճակի սրմամբ: Մոնիտորինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղեկացվել են, որ ներկայումս իրավիճակը սահմանի այդ հատվածում համեմատաբար հանգիստ է: Մինչդեռ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տարածել է հերթական հայտարարությունը հուլիսի 27-ին հայկական կողմից այդ հատվածում ադրբեջանական ուժերի դիրքերի գնդակոծման մասին:





