AM
22 Հունիս 2012 - 07:31 AMT

ՀԿ-ներն ու մտավորականները դիմում են նախագահին`կարգավորելու հեռուստաեթերը

Հայաստանի մի շարք երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ, ՀԿ-ներ և կազմակերպություններ, մշակույթի և գիտության ներկայացուցիչներ բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին կապված հեռուստատեսության բովանդակային քաղաքականության հետ: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:

Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:

Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից` օրենքը չի կիրառվում, մյուս կողից` գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ` անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես` հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները:

Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:

Իրավիճակից դուրս գալու ելքերից են. 1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:

2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:

3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպեսզի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:

4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:

Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր` սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:

Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ ՀԿ-ներ և կազմակերպություններ, մշակույթի և գիտության ներկայացուցիչներ»: