AM
22 Հունիս 2012 - 07:44 AMT

Ամերիկյան համալսարանն այս տարի կունենա 170 շրջանավարտ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում շաբաթ օրը`հունիսի 23-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀԱՀ-ի շրջանավարտների 20-րդ հոբելյանական ավարտական արարողությունը:

Գործարար կառավարման, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, իրավագիտության, Ճարտարագիտության, համակարգչի և տեղեկույթի գիտության, ինչպես նաև անգլերենեը որպես երկրորդ լեզու մասնագիտությունների գծով մագիստրոսի աստիճան կստանան 170 շրջանավարտներ: Միջոցառմանը կմասնակցեն պետական պաշտոնյաներ, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, հյուրեր սփյուռքից:

Համալսարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ավարտական դասարանի և համալսարանի նախագահի, հոգաբարձուների, դասախոսական կազմի հանդիսավոր շքերթից, Գերաշնորհ Տ. Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի օրհնության խոսքից հետո ՀԱՀ ճարտարագիտության բաժնի հիմնադիր դեկան, հոգաբարձու, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը կհաղորդի Կալիֆորնիայի համալսարանի ողջույնի ուղերձը:

Համալսարանի նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը կներկայացնի համալսարանի հիմնական նվաճումները անցյալ ուսումնական տարվա ընթացքում ինչպես նաև համալսարանի զարգացման հեռանկարները առաջիկա տարիներին:

2012թ. ավարտական արարողության հիմնական բանախոսները կլինեն Վիվա Սել-ՄՏՍ –ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Միացյալ Արաբական Էմիրությունների համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների բաժնի դեկան . Դենիս Լիվենսը։ Դիպլոմները ստանալուց հետո, ի նշանավորումն ուսումնական ծրագրերի հաջող ավարտի և մագիստրոսի աստիճանի շնորհման, շրջանավարտներն գլխարկները կնետեն օդ` արտահայտելով իրենց խանդավառությունն ու ուրախությունը տոնական օրվա կապակցությամբ: