AM
26 Հունիս 2012 - 06:32 AMT

«Հրապարակ». Ի՞նչ ունի թաքցնելու Րաֆֆի Հովհաննիսյանը

«Հրապարակն» անդրադառնում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարին`մասնավորապես գրելով. «Այսօր նա այնքան է մեկուսացված հասարակությունից, որքան չինական կայսրն իր ժողովրդից: Եթե վերջինս իր աստվածային ծագումը հաստատելու համար ժողովրդից թաքցնում էր իր մարդկային էակ լինելը, ապա ի՞նչ ունի թաքցնելու Րաֆֆին:

Իսկ ինչպիսի՞ն է նրա կերպարի հանրային ընկալումը: Մի տիպիկ օրինակ, և այդ հարցի պատասխանը պարզ կդառնա: Տարիներ առաջ, մի բանավեճի ժամանակ կողմերից մեկը, փորձելով իմանալ Րաֆֆու նկատմամբ մյուս կողմի դրսևորած հիացմունքի պատճառը, ի պատասխան լսեց. «Ախր, շատ լավ է ժպտում, է»: Ահա սրանով սկսվում և սրանով էլ վերջանում է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կերպարը: Ինչո՞ւ չէ, անձնական հմայքը քաղաքական կապիտալ դարձնելը լուրջ գործ է և հաճախ կարող է հաջողություն բերել:

Պետք է խոստովանել, որ նա հմտորեն օգտագործեց իր կենսագրական փաստաթղթերի «նախկին արտգործնախարար» արտահայտությունն արտաքին աշխարհում, իսկ լայն ժպիտը` հասարակության հետ հարաբերություններում, արտասահմանյան կազմակերպություններից դրամաշնորհներ էր բերում` ջրի երեսին մնալու համար, և ժպտում էր` ՀՀ քաղաքացուն դուր գալու համար:

Թերթի նշում է, որ պարզ է, որ Րաֆֆին իր բարձունքից ցած կիջնի միայն նախագահական ընտրությունների նախաշեմին: Բայց բավարար կլինի՞ արդյոք նախկին պաշտոնով ու հմայիչ ժպիտով պայմանավորված քաղաքական դիվիդենտների պաշարը նման ծանր խաղի համար: Դժվար թե. կամաց-կամաց Րաֆֆի Հովհաննիսյանի կայսրական մեկուսացման հետևում ավելի ու ավելի պարզորոշ նկատվում է մի դատարկ կերպար` հմայիչ ժպիտով: Այո, նա հասարակությունից թաքցնելու բան ունի»: