ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարար պարոն Էրկկի Տուոմիոային: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հայ-ֆինլանդական հարաբերությունների առավել զարգացման եւ փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից, վարչապետն անչափ կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակով շփումների շարունակությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացի ներկայիս վիճակը եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը անդրադարձել է նաեւ երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին, ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է այդ կապերի խթանմամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային համագործակցությունն ու ընդհանուր ծրագրերի իրագործումը` իբրեւ հակամարտությունների կարգավորմանը նպաստող քայլ:





