«Ղարաբաղյան կարգավորմանը մասնակցում են երեք կողմ: Ես կարծում եմ, որ հետագայում` ինչ որ մի փուլում ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցություններին, քանզի ամբողջ մի շարք հարցեր առանց նրա քննարկել եւ լուծել հնարավոր չէ»,- «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Դեսպանը նաեւ համոզմունք է հայտնել, որ առանց կողմերի սկզբունքային համաձայնության կարգավորումն անհնար է: Յու.Մերզլյակովը նաեւ նշել է, որ խնդրի լուծումը պետք է մշակեն կողմերն իրենք, եւ այն զիջումներ կպահանջի երկու կողմից: Պատասխանելով Պրահայի խորհրդատվությունների արդյունքներին վերաբերող հարցին` Յու.Մերզլյակովն անվանել է դրանք դրական, նշելով, որ բանակցությունների առաջին փուլի արդյունավետությունը մեծ է: Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահը հույս է հայտնել, որ Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների դադարից հետո գործընթացն առաջ կընթանա: Բացի այդ, նրա խոսքերով` առանց Թուրքիայի մասնակցության` ամուր եւ կենսունակ կարգավորման գործընթացի նախապատրաստում եւ իրականացում գործնականորեն հնարավոր չէ:





